ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Պատմությունն անվտանգ ապաստան է ՄԻՊ-ի համար

Պատմությունն անվտանգ ապաստան է ՄԻՊ-ի համար
10.07.2013 | 18:11

Այսօր ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դիմել է երեք միջազգային հեղինակավոր կառույցների, որոնց անդամն են համարվում ինչպես ՀՀ-ի, այնպես էլ՝ Մոլդովայի օմբուդսմենները: Կարեն Անդրեասյանը հորդորել է Միջազգային օմբուդսմենների ինստիտուտին, Եվրոպական օմբուդսմենների ինստիտուտին և ֆրանկոֆոն օմբուդսմենների և հաշտարարների ասոցիացիային այլևս չհրավիրել իրենց միջազգային համաժողովներին ստով և անընդունելի վարքով իրեն վարկաբեկած Աուրելիա Գրիգորիուին: Բացի այդ, ՀՀ ՄԻՊ-ը Մոլդովայի խորհրդարանական փաստաբանների աշխատանքները համակարգող Անատոլի Մոնթեանուի միջոցով Մոլդովայի խորհրդարանին է փոխանցել Աուրելիա Գրիգորիուի պաշտոնանկության պահանջն ու դրա իրավական հիմնավորումները: Կարեն Անդրեասյանն իր բոցաշունչ նամակում, իհարկե, անդրադարձել է մեր ժողովրդի պատմությանը՝ սկսած 1915թ. ցեղասպանությունից մինչև 1988-94 թթ. իրադարձություններ, նկարագրել, թե Օսմանյան կայրսությունն ու ադրբեջանցիներն ինչպես են վարվել հայերի հետ:
Հիշեցնենք, որ նամակի շարժառիթը հուլիսի 3-5-ը ՀՀ սահմանադրական դատարանի կողմից ՀՀ-ում կազմակերպված համաեվրոպական համաժողովի ժամանակ Մոլդովայի խորհրդարանական փաստաբան Աուրելիա Գրիգորիուի զեկույցն էր, որում նա Հայաստանն անվանեց ագրեսոր երկիր, իսկ հայերին մեղադրեց ցեղասպանության մեջ:
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանն իր այս քայլով ուզում է ցույց տալ, թե որքան վրդովված է ինքը պատմական իրողությունների նկատմամբ կատարվող ոտնձգություններից և որքան հետևողական է պատմական արդարությունը պաշտպանելու հարցում:
Կարեն Անդրեասյանին կարելի էր հավատալ, վստահել, եթե նա Հայաստանում նույնքան հետևողականություն ցուցաբերեր գեթ մեկ շարքային քաղաքացու իրավունքները պաշտպանելիս, երբ օրը ցերեկով խոշտանգվում, սպանվում, ձերբակալվում են անմեղ մարդիկ:
Հիմա Կարեն Անդրեասյանն ինչո՞ւ է ուզում հերոսանալ մոլդովացի կասկածելի վարքի տեր օմբուդսմենի՝ ՀՀ ԱԺ-ում կարդացած զեկույցի հաշվին, երբ ԱԺ իշխող կուսակցության պատգամավորներն էլ, ելնելով իրենց փորձառությունից, հայտարարեցին, որ նա ադրբեջանցիների պատվերն է կատարում: Ինչո՞ւ է Կարեն Անդրեասյանն իր սրտաճմլիկ նամակում հիշում մեր պատմության ողբերգական էջերը, կոտորածներն ու եղեռնագործությունները, երբ ինքը մինչ օրս պաշտոնի բերումով գեթ մեկ հայտարարություն չի արել սանձարձակ օլիգարխների ու պաշտոնյաների ձեռքով սպանվող, ծեծվող որևէ քաղաքացու մասին, չի պայքարել որևէ անարդարացի դատավճռի դեմ:
Եվրոպաներում կրթված, մասնագիտությամբ իրավաբան մեր Պաշտպանին ներկա իրողությունները չե՞ն հետաքրքրում, տեղյա՞կ չէ այդ ամենից: Թե՞ պարզապես նա վստահ է, որ Աուրելիա Գրիգորիուն այնպիսի վտանգ չի ներկայացնում իր համար, ինչպես՝ մեր օլիգարխներն ու բարձրաստիճան պաշտոնյաներն են, որոնց զոհերի մասին նա նախընտրում է լռել:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 3814

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ